Jump to content

Մակբեթ (Շոտլանդիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակբեթ
Ծնվել է՝1005[1][2]
Մահացել է՝օգոստոսի 15, 1057
Վախճանի վայրLumphanan
Իոնա
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմHouse of Moray?
թագավոր
ՀայրFindláech of Moray?[3]
ՄայրDonalda of Alba?[3]

Մակբեթ (միջնադարյան գելերեն՝ Mac Bethad mac Findlaích; գելական շոտլանդերեն։ MacBheatha mac Fhionnlaigh; մականվանյալ Deircc, "Կարմիր Արքա"[4], 1005[1][2] - օգոստոսի 15, 1057, Lumphanan), Շոտլանդիայի թագավոր 1040 թվականից մինչ իր մահը։ Կյանքի ընթացքում կրում էր «Ալբայի արքա» տիտղոսը[փա՞ստ], բայց թագավորել է ներկայիս Շոտլանդիայի միայն մի հատվածի վրա։

Քիչ բան է հայտնի Մակբեթի կյանքի վաղ շրջանի մասին, թեև նա եղել է Մորեյցի Ֆայնդլաեքի որդին ու գուցե նաև Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ II-ի թոռը։ 1032 թվականին դարձել է Մորեյ կիսանկախ լորդության մորմաեր (տիրակալ) և հավանաբար պատասխանատու էր նախկին մորմաեր Ջայլ Քոեմգայնի մահվան համար։ Հետագայում ամուսնացել է վերջինիս այրու՝ Գրուչի հետ, բայց զավակներ չեն ունեցել։

1040 թվականին Շոտլանդիայի թագավոր Դունկան I-ը հարձակում է իրականացրել Մորեյի վրա, բայց սպանվել է Մակբեթի զորքերի կողմից։ Առանց լուրջ դիմադրության Մակբեթը հաջորդել է նրան որպես Ալբայի արքա։ Նրա 17-ամյա գահակալությունը մեծի մասամբ խաղաղ էր, թեև 1054 թվականին Էդվարդ Խոստովանողի անունից Նորթումբրիայի կոմս Սուվարդը անգլիական մի հարձակում է իրականացրել։ 1057 թվականին ապագա թագավոր Մալքոլմ III-ին հավատարիմ ուժերի կողմից Լումֆանանի ճակատամարտում Մակբեթն սպանվել է։ Հուղարկավորվել է շոտլանդական թագավորների ավանդական գերեզմանատեղի հանդիսացող Այովա կղզում։

Մակբեթին հաջորդել է իր խորթ որդի Լուլաքը, սակայն իշխել է միայն մի քանի ամիս ու նույնպես սպանվել Մալքոլմ III-ի կողմից, որի ժառանգները (Դանքելդների արքայատոհմը) պետք է գահակալեին Շոտլանդիայում մինչև 13-րդ դարի ավարտը։ Այսօր Մակբեթը հայտնի է որպես Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության գլխավոր հերոս։ Սակայն Շեքսպիրի Մակբեթը հիմնված է Հոլինշեդի «Տարեգրության» վրա (հրատարակվել է 1577 թ․) և պատմականորեն ճշգրիտ չէ։

Մակբեթի ամբողջական անունը միջնադարյան գելերենում Mac Bethad mac Findlaích էր։ Գելական շոտլանդերենում այն ընկալվում է որպես MacBheatha mac Fhionnlaigh, որն անգլերենով հնչում է որպես Մակբեթ ՄաքՖինլի (գրվում է նաև Ֆինդլայ, Ֆինդլեյ կամ ՖինլեյMac Bethad անունը, որից ծագել է անգլերեն "ՄաքԲեթ"-ը, նշանակում է "կյանքի որդի"[5]։ Անունն ունի նաև "արդարամիտ մարդ"[5] կամ "կրոնասեր մարդ" ենթատեքստը[6]։ Որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվել է նաև macc-bethad բառերի համադրումը, որը նշանակում է "ընտրյալներից մեկը"[5]։

Արքայական նախնիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների՝ Մակբեթը հանդիսանում էր Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ II-ի թոռը, հետևաբար՝ Դունկան I-ի զարմիկը, որին նա հաջորդել է։ Հավանաբար եղել է նաև Օրքնեյի ու Քեյթնեսի կոմս Թորֆին Մեծազորի զարմիկը։ Նայջել Թրանթներն իր «Մակբեթ արքա» գրքում ավելի հեռուն է գնում՝ ներկայացնելով Մակբեթին որպես Թորֆինի խորթ եղբայր[7]։ Այս շահարկումները հիմնված են պատմական անորոշության վրա, թե արդյոք քանի դուստր է ունեցել Մալքոլմը[8]։

Մորմաեր և դուքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1031 թվականին Կնուդ Մեծը ժամանել է հյուսիս Մալքոլմ II-ի հպատակությունն ընդունելու, Մակբեթը նույնպես հպատակվել է նրան․

... Մալքոլմը՝ շոտլանդացիների թագավորը, երկու ուրիշ թագավորների՝ Մակբեթի ու Իեհմարքի հետ հպատակվեց նրան ու դարձավ իր մարդը ...[9]
Ոմանք սա համարում էին Մակբեթի հզորության ապացույց, ուրիշները Իեհմարքի (որը կարող էր լինել Էխմարկախ մաք Ռագնայլը) հետ նրա ներկայությունը համարում էին այն բանի ապացույց, որ Մալքոլմ II-ը Մորեյի ու Կղզիների Թագավորության տիրակալն էր[10]։ Ինչպիսին էլ եղած լինի իրերի իրական վիճակը  1030-ականների սկզբին, ավելի հավանականն այն է, որ Մակբեթը եղել է 1034 թվականի նոյեմբերի 25-ին Գլամիսում մահացած Ալբայի արքա Մալքոլմ II-ի հպատակը։ «Բրեչանի մարգարեություն» պոեմում, որը միակն է նրան ժամանակակից աղբյուրներից, ասվում է, որ Մալքոլմը մահացել է դաժան մահով, այն անվանելով "արյունակցի սպանություն"՝ առանց մարդասպանների անունները տալու[11]։ Թայգերնակի տարեգրության մեջ միայն ասվում է․
Մաել Քոլիումը՝ Սինաեդի որդին, Ալբայի արքան ու արևմտյան Եվրոպայի փառքը, վախճանվեց[12]։

Մալքոլմ II-ի թոռ Դունկանը (Դոնչադ մաք Քրինան)՝ հետագայում թագավոր Դունկան I, 1034 թվականի նոյեմբերի 30-ին հռչակվել է թագավոր։ Ի տարբերություն Շեքսպիրի պիեսի ծեր արքա Դունկանի, իրական Դունկանը 1034 թվականին երիտասարդ մարդ էր, որի երիտասարդության մասին նշվում է նաև 1040 թվականին նրա մահվան ժամանակ[13]։

Դունկանի գահակալության վաղ շրջանն իրադարձություններով հարուստ չէր, իսկ ավելի ուշ շրջանն անհաջող էր։ Գահակալության վերջին տարում նա բանակ է առաջնորդել դեպի հյուսիս՝ Մակբեթի տիրույթ Մորեյ, հավանաբար պատժիչ նպատակներով[14], սակայն 1040 թվականի օգոստոսի 14-ին Էլջին քաղաքի մոտ սպանվել է վերջինիս մարդկանց կողմից[15][16]։

Դունկանի մահից հետո Մակբեթը դարձել է թագավոր։ Դիմադրության մասին որևէ բան հայտնի չէ, սակայն բնական կլիներ, որ նրա գահակալությունը համընդհանուր կերպով չընդունվեր։ 1045 թվականին Դունկանի հայրը՝ Քրինան Դունկելդցին, սպանվել է շոտլանդական երկու բանակների միջև տեղի ունեցած մի ճակատամարտում[17]։ Ջոն ֆորդունը գրել է, որ Դունկանի կինը, վերցնելով երեխաներին՝ ապագա թագավորներ Մալքոլմ III-ին (Մաել Քոլիում մաք Դոնչադա) և Դոնալդ III-ին (Դոմնոլ Բան մաք Դոնչադա), փախել է ու ապաստան գտել Աթոլում՝ Դունկանի ազգականների ու աջակիցների մոտ[18]։ Պատմագիր Մարիուս Սքոթուսը գրում է, որ 1050 թվականին թագավորն ուխտագնացություն է կատարել դեպի Հռոմ ու աղքատներին այնքան գումար բաժանել, ասես սերմացու բաժանելիս լիներ։

Կառլ Հանդասոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սագա օրքնեյցիների մասին» ասքում նշվում է, որ Օրքնեյի կոմս Թորֆին Սիգուրդսոնի (Թորֆին Մեծագործ) և Կառլ Հանդասոնի միջև հակամարտություն է սկսվել, երբ վերջինս դարձել է "շոտլանդացիների թագավոր" ու պահանջներ ներկայացրել Քեյթնեսին։ Կառլ Հանդասոնի ինքնությունը վեճերի թեմա է եղել, բայց կա ընդունված ենթադրություն, որ այդ անունը վիրավորական մականուն է, որը Մակբեթին տվել են իր թշնամիները (հին սկանդինավյան լեզվով "Կուրլ- շան որդի")[19]։ Կա նաև այլ տեսակետ, որ այդ կերպարը բանաստեղծական հորինվածք է[20]։

Ըստ վերոնշյալ սագայի, հակամարտությանը հաջորդած պատերազմում ծովամարտի ժամանակ Թորֆինը հաղթել է Կառլին, նրա զարմիկ Մութաթանը, որին նշանակել էին Կառլի անունից Քեյթնեսը ղեկավարելու համար, սպանվել է, վերջապես, Թերբաթ Նեսսում[21] տեղի ունեցած մեծ ճակատամարտն ավարտվել է Կառլի պարտությամբ ու նրա մահով, որից հետո Թորֆինն ասպատակել է Շոտլանդիան, հասել մինչև Ֆայֆ՝ ճանապարհին վառելով ու թալանելով երկիրը։ Սագայում ասվում է, որ Թորֆինը գրավել է շոտլանդական ինը կոմսություն[22]։

Անկախ նրանից, թե ով էր Կառլ Հանդասոնը, սագայում պատմվում է Մորեյցի կամ Ռոսսցի շոտլանդական ղեկավարի հետ տեղական կոնֆլիկտի մասին․

Ամբողջ պատմությունը համահունչ է այն գաղափարին, որ Թորֆինի ու Կառլի պայքարը շարունակությունն է այն պայքարի, որն սկսվել է իններորդ դարից ի վեր Օրքնեյի կոմսերի, մասնավորապես Սիգուրդ Ռոգնվալդի որդի Լյոթի ու Սիգուրդ Հաստամարմինի կողմից Մորեյի, Սուդերլենդի, Ռոսսի ու Արջիլի արքայազնների կամ մորմաերների դեմ, և որ Մալքոլմն ու Կառլը վերոնշյալ չորս գավառներից մեկի մորմաերներ էին[23]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1052 թվականին Մակբեթն անուղղակիորեն ընդգրկվել է Անգլիայի թագավորությունում Վեսսեքսի կոմս Գոդվինի ու թագավոր Էդվարդ Խոստովանողի միջև ընթացող պայքարին, երբ Անգլիայից մի շարք նորմանացի աքսորյալների է ընդունել իր արքունիք՝ դառնալով շոտլանդացի առաջին թագավորը, որն ավատատիրությունը ներմուծել է Շոտլանդիա [citation?]։ 1054 թվականին Էդվարդի նորթումբերիացի կոմս Սիվարդը լայնածավալ ներխուժում է իրականացրել Շոտլանդիա (Դունկանի այրին ու Մալքոլմի մայրը՝ Սութեդը, նորթումբերիական ծագում ուներ․ հնարավոր է, բայց դեռ ապացուցված չէ, որ Սիվարդի ու Մաքոլմի միջև ազգակցական կապ է եղել)։ Ներխուժումը հանգեցրել է արյունոտ ճակատամարտի, որտեղ ըստ Ուլստերի տարեգրության, զոհվել է 3,000 շոտլանդացի ու 1,500 անգլիացի, որը երկու կողմերի համար էլ մեծ կորուստ էր․ զոհվածների թվում էին նաև Սիվարդի որդիներից մեկն ու փեսան։ Ներխուժման արդյունքում ոմն Մաել Քոլիում՝ "քումբրիացիների թագավորի որդին" (չշփոթել Մաել Քոլիում մաք Դոնչադայի՝ Շոտլանդիայի ապագա թագավոր Մալքոլմ III-ի հետ) վերականգնվել է գահին որպես Ստրաթքլայդ թագավորության ղեկավար[24]։ Հնարավոր է, որ 1054 թվականի այս իրադարձությունների պատճառով է Շեքսպիրի պիեսում Մալքոլմ III-ը գահ բարձրացվում անգլիացիների կողմից։

Մակբեթն անգլիացիների այս ներխուժումից հետո երկար չի ապրել․ նա 1057 թվականին մահացու վիրավորվել կամ սպանվել է ապագա թագավոր Մալքոլմ III-ի կողմից ("թագավոր Մալքոլմ Քենմոր" Դունկան I-ի որդին)[25] Լումֆանանի ճակատամարտում[26]։ «Բերչանի մարգարեության» մեջ նշվում է, որ նա վիրավորվել կամ մահացել է մի քանի օր հետո՝ Սքունում[27]։ Մակբեթի խորթ որդի Լուլաքն է նրան փոխարինել որպես թագավոր։

Ի տարբերություն ավելի ուշ ժամանակաշրջանի գրողների, իր ժամանակակից աղբյուրներից ոչ մեկը Մակբեթին բռնակալ չի անվանում։ Duan Albanach պոեմում, որը թվագրվում է Մալքոլմ III-ի գահակալության տարիներով, նա անվանվում է "Մակ Բեթադ հռչակավոր"։ «Բերչանի մարգարեությունը» նկարագրում է նրան որպես "Ֆորտրիուի առատաձեռն թագավոր" ու ավելացնում․

Բարձրահասակ, կարմրա-ոսկեգույն մազերով՝ նա ինձ համար բոլորից հաճելի է։ Շոտլանդիան արևմուտքից արևելք պռնկեպռունկ լցվելու է այս մոլեգին թագավորի գահակալության օրոք[28]։

Լեգենդի վերածված կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակբեթն ու Բանկոն հանդիպում են վհուկներին։ Պատկերազարդում Հոլինշեդի տարեգրությունից (1577 թ․)

Մակբեթի կյանքը, թագավոր Դունկան I-ի կյանքի նման, 14-րդ դարի ավարտին վերածվել էր լեգենդի, երբ Ջոն Ֆորդունն ու Էնդրյու Վայնթոունը գրել են նրանց կենսագրությունը։ Հեկտոր Բոիսը, Վալտեր Բոուերը և Ջորջ Բուչանանը ևս ներդրում են ունեցել այդ լեգենդի ձևավորման մեջ։

Ուիլյամ Շեքսպիրի նկարագրություն և դրա ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակբեթն ու վհուկները․ հեղինակ՝ Հենրի Ֆուզելի (Իոհան Հայնրիխ Ֆյուզլի) (1741–1825 թթ․)

Շեքսպիրի պիեսում, որը գլխավորապես հիմնված է Ռաֆայել Հոլինշեդի մեկնաբանության վրա, Մակբեթը սկզբնապես ծեր Դունկան թագավորի քաջարի ու հավատարիմ գեներալն է։ Երեք վհուկների ու իր կնոջ դրդմամբ նա սպանում է իր թագավորին ու բռնազավթում գահը։ Սակայն վհուկների մարգարեությունը ապակողմնորոշիչ էր․ Մակբեթը մեկուսանում է շոտլանդական ազնվականներից ու ճակատամարտում պարտություն կրում արքայազն Մալքոլմից։ Երբ թագավորի բանակը մասնատվում է, նա հանդիպում է Մակդուֆին՝ փախստական ազնվական, որի կնոջն ու երեխաներին նախկինում սպանել են Մակբեթի մահվան ջոկատները։ Հասկանալով, որ կսպանվի, եթե մենամարտի Մակդուֆի հետ, Մակբեթն սկզբից հրաժարվում է այդ անել։ Բայց երբ Մակդուֆը բացատրում է, որ եթե Մակբեթը հանձնվի, ապա իր նախկին ենթակաների ծաղրի առարկան կդառնա, Մակբեթը երդվում է․ "Ես չեմ խոնարհվի երիտասարդ Մալքոլմի ոտքերի առաջ գետինը համբուրելու, եթե անգամ արժանանամ ամբոխի անեծքին"։ Նա նախընտրում է կռվել Մակդուֆի հետ մինչև մահ։ Հետո Մակբեթն սպանվում է, գլխատվում ու պիեսն ավարտվում է արքայազն Մալքոլմի կողմից Սքունում իր թագադրության նախապատրաստմամբ։

Շեքսպիրի կողմից Մակբեթի այսպիսի պատկերման միակ հավանական բացատրությունն[29] այն է, որ Հակոբ Ա թագավորը Բրյուսների տոհմի ու իր՝ Ստյուարտների տոհմի միջոցով հանդիսանում էր Մալքոլմ III-ի շառավիղներից, իսկ Մակբեթի տոհմը վերացել էր իր խորթ հոր մահին վեց ամիս անց հաջորդած Լուլաքի մահով։ Հակոբ թագավորը նաև Շոտլանդիայի 6-րդ լորդ-ստյուարդ Վալտեր Ստյուարտի միջոցով ազգակցվում էր Բանկոյին։

Մակբեթը Մակդուֆ ամրոցի մոտ

1959 թվականին հրատարակված իր էսսեում (ակնարկ) Բորիս Պաստեռնակը Շեքսպիրի Մակբեթին համեմատում է Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի գլխավոր հերոս Ռասկոլնիկովի հետ։ Պաստեռնակը բացատրում է, որ այս երկու հերոսներից ոչ մեկը սկզբում մարդասպան չէ, բայց դառնում է այդպիսին մի շարք կեղծ պատկերացումների ու իրեն օրենքից վեր դասելու պատճառով։

Տիկին Մակբեթը նույնպես հայտնիություն է ձեռք բերել։ 1865 թվականին հրատարակված «Մցենսկ շրջանի լեդի Մակբեթը» վեպում Նիկոլայ Լեսկովը թարմացրել է «Մակբեթ» ողբերգությունն այնպես, որ այն տեղի է ունենում ռուսական կայսրության բուրժուազիայում։ Սակայն հեգնական շրջադարձով Լեսկովը շրջում է հերոսների սեռը․ կինն է մարդասպանը, իսկ տղամարդը՝ դրդրիչը։ Լեսկովի վեպի հիման վրա 1936 թվականին Դմիտրի Շոստակովիչը գրել է համանուն օպերա։

Այլ նկարագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր ժամանակներում Դորոթի Դանեթի «Այսուհետ թագավոր» վեպում ներկայացված է պատմական Մակբեթը, բայց իր ախոյան, երբեմն նաև դաշնակից Օրքնեյցի Թորֆինի հետ նույն մարդն է (Թորֆինը նրա ծննդյան անունն է, իսկ Մակբեթը՝ մկրտության)։ Ջոն Կարջիլ Թոմփսոնի «Մակբեթն է խոսում» 1997 թվականին բեմադրված պիեսը մենախոսություն է պատմական Մակբեթի կողմից, որը տեղյակ է, թե Շեքսպիրն ու հաջորդներն ինչպես են ներկայացրել իրեն։ Շոտլանդացի գրող Նայջել Թրանթներն իր պատմավեպերից մեկը՝ «ՄակԲեթ արքան», ստեղծել է այս պատմական անձի վրա։ Դրամատուրգ Դավիդ Քրեյգի 2010 թվականին բեմադրված «Դանիսնեյն» պիեսը որպես սկիզբ վերցնում է Մակբեթի անկումը Դանիսնեյնում, ու պատկերում նրա նորավարտ գահակալությունը որպես երկար ու կայուն՝ ի հակադրություն Մալքոլմի իշխանության։

Մակբեթը նաև «Քարգոյլզ» հեռուստասերիալի հերոսներից է, որտեղ Դեմոնան վճռորոշ դեր է խաղում որպես Շոտլանդիայի թագավոր նրա կայացման ու անկման մեջ։ Մակբեթին հնչյունավորել է Ջոն Ռիս Դևիսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118640690 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. William Forbes Skene, Chronicles, p. 102.
  5. 5,0 5,1 5,2 Aitchison, Nicholas Boyter (1999). Macbeth:man and myth. էջ 38. ISBN 978-0750918916.
  6. Davis, J. Madison (1995). The Shakespeare Name and Place Dictionary. էջ 294. ISBN 978-1884964176.
  7. Knapp, Tom. «Nigel Tranter: Macbeth the King». Rambles.net. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Scotland Kings». Foundation for Medieval Genealogy. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Anglo-Saxon Chronicle, Ms. E, 1031.
  10. Compare Duncan, Kingship of the Scots, pp. 29–30 with Hudson, Prophecy of Berchán, pp. 222–223.
  11. Hudson, Prophecy of Berchán, p. 223; Duncan, Kingship of the Scots, p. 33.
  12. Annals of Tigernach 1034.1
  13. Annals of Tigernach 1040.1.
  14. G. W. S. Barrow, Kingship and Unity: Scotland 1000–1306, Edinburgh University Press, 1981, p. 26.
  15. Broun, "Duncan I (d. 1040)"; the date is from Marianus Scotus and the killing is recorded by the Annals of Tigernach.
  16. Hudson, Prophecy of Berchán, pp. 223–224; Duncan, The Kingship of the Scots, pp. 33–34.
  17. Annals of Tigernach 1045.10; Annals of Ulster 1045.6.
  18. Robertson, Scotland under her Early Kings, p. 122. Hudson, Prophecy of Berchán, p. 224, refers to Earl Siward as Malcolm III's "patron"; Duncan, The Kingship of the Scots, pp. 40–42 favours Orkney; Woolf offers no opinion. Northumbria is evidently a misapprehension, further than that cannot be said with certainty.
  19. However Macbeth's father may be called "jarl Hundi" in Njál's saga; Crawford, p. 72.
  20. Anderson, ESSH, p. 576, note 7, refers to the account as "a fabulous story" and concludes that "[n]o solution to the riddle seems to be justified".
  21. Roberts, John Lenox (1997), Lost Kingdoms: Celtic Scotland and the Middle Ages, Edinburgh University Press, էջ 22, ISBN 978-0-7486-0910-9
  22. Orkneyinga Saga, cc. 20 & 32.
  23. Taylor, p. 338; Crawford, pp. 71–74.
  24. Florence of Worcester, 1052; Anglo-Saxon Chronicle, Ms. D, 1054; Annals of Ulster 1054.6; and discussed by Duncan, The Kingship of the Scots, pp. 38–41; see also Woolf, Pictland to Alba, pp. 260–263.
  25. Moncreiffe, Iain (Sir Iain Moncreiffe of that Ilk). The Robertsons (Clan Donnachaidh of Atholl). W. & A. K. Johnston & G. W. Bacon Ltd., Edinburgh. 1962 (reprint of 1954), p. 6
  26. Andrew Wyntoun, Original Chronicle, ed. F.J. Amours, vol. 4, pp 298–299 and 300–301 (c. 1420)
  27. The exact dates are uncertain, Woolf gives 15 August, Hudson 14 August and Duncan, following John of Fordun, gives 5 December; Annals of Tigernach 1058.5; Annals of Ulster 1058.6.
  28. Hudson, Prophecy of Berchán, p. 91, stanzas 193 and 194.
  29. «The History of Scotland by John Leslie, 1578». British Library. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակբեթ (Շոտլանդիայի թագավոր)» հոդվածին։